ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Մարտի 29-ին Օսլոյում կայացած Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպման ընթացքում վնասվածքներ են ստացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ աննախադեպ խոշոր՝ 9։0 հաշվով պարտվել է Նորվեգիայի ընտրանուն։
ՀՖՖ-ն ներողություն է խնդրել երկրպագուներից ու խոստացել է համապատասխան հետևություններ անել, հավելելով, որ այս պարտությանը չկա ոչ մի արդարացում: