ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկն ուսումնասիրել է, թե ինչ ազդեցություն է ունեցել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը Հայաստանում 2021թ–ին տեղի ունեցած գնաճի վրա։
Գնահատականները հիմնված են Թուրքիայից ներմուծվող սպառողական առավել խոշոր ապրանքախմբերի գների վրա՝ հաշվի առնելով նաև ներմուծման շուկաների փաստացի փոփոխությունները։
ԿԲ–ի ուսումնասիրության համաձայն, օրինակ, հագուստի և կոշկեղենի դեպքում ներկրման շուկայի փոփոխությունը հանգեցրել է հագուստի գների 3.19 % թանկացման, ներմուծվող մրգերի արժեքը բարձրացել է 5.2%–ով, էլեկտրական սարքավորումներինը` 0.8, օճառների գները` 3.4%–ով։
Կան նաև ապրանքներ, որոնց գները Թուրքիայից չներկրելու պարագայում, հակառակը, 2021թ–ին 2020–ի համեմատ նույնիսկ նվազել են` բանջարեղենը (6 %-ով), մաքրող պարագաները (6.6 %–ով) և կահույքը (0.8 %–ով)։
Ընդհանուր հաշվով` բոլոր այս ապրանքների թանկացումներն ու էժանացումները հանրագումարի բերելով` ստացվում է, որ դրանք վերջին 1 տարում ՀՀ–ում թանկացել են շուրջ 4.5 տոկոսով։
Բայց քանի որ ԿԲ–ն իր գնահատականը տվել է նշված ապրանքախմբերի` ՀՀ սպառողական գների վրա ունեցած ընդհանուր ազդեցության հիման վրա, ապա այդ հաշվարկով Թուրքիայից ներկրման արգելքն ու դրա հետևանքով նոր շուկաների ներգրավումը ՀՀ տարեկան գնաճում բավականին փոքր՝ ընդամենը 0.13 տոկոսի մասնաբաժին են ունեցել։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքների շարքում առաջին տեղում են մեքենաները, սարքավորումներն ու դրանց մասերը (ընդհանուր ներկրման 12.8 տոկոսը)։ Եթե դրանց ավելացնենք նաև էլեկտրական մեքենաներն ու մասերը, ապա այդ ցուցանիշը կավելանա ևս 4.5%–ով։ Հագուստը կազմում է ներկրման 10.4%–ը, պլաստմասսե իրերը` 7.2%, մրգերը` 5.5%–ը, բանջարեղենը` 2.2։ Կոշիկների ներկրումը կազմում է 2.8%, կահույքն ու անկողնային պարագաները` 2.5%–ը։ Լվացող միջոցները կազմում են 2.9%, ներկանյութերը` 2.8%։
ԿԲ–ն նաև արձանագրել է, որ 2021-ին Թուրքիայից ներկրման արգելքի հետևանքով մրգերը սկսել են Հայաստան ներկրել հիմնականում Իրանից, Վրաստանից և Էկվադորից, բանջարեղենը` Իրանից և Եգիպտոսից, կահույքը` Չինաստանից և Ռուսաստանից, օճառն ու մաքրող պարագաները` Ռուսաստանից, Բուլղարիայից և Իրանից։
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ 2018թ–ին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 250.7 մլն դոլարի ապրանք, 2019-ին` 265.4 մլն-ի, 2020-ին` 229.7 մլն–ի։
Հիշեցնենք` 2022թ–ի փետրվարի 1–ին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողներին ասել էր, որ ԿԲ–ն սեփական ուսումնասիրությունն է արել թուրքական արտադրության ապրանքների ներմուծման արգելքի վերաբերյալ։
«Մեր գնահատականներով` այդ ազդեցությունն այնքան էլ մեծ չէր լինելու գնաճի վրա»,– ասել էր Գալստյանը` չհստակեցնելով գնաճի իրական ազդեցության չափը։
Իսկ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ էմբարգոն էական ազդեցություն է ունեցել հատկապես լայն սպառման ապրանքախմբերի գնաճի վրա։ Թե որքան, դարձյալ չէր նշվել։
Նշենք, որ Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք սահմանեց 2020թ–ի հոկտեմբերին, երբ Թուրքիան բացահայտ աջակցեց Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծած պատերազմում։
2022 թվականի հունվարի 1-ին, երբ լրանում էր արգելքի ժամկետը, կառավարությունն այն երկարաձգելու նոր որոշում չկայացրեց` այդկերպ փաստորեն չեղարկելով թուքական ապրանքների ներկրման` ավելի քան 1 տարի գործող էմբարգոն։