Տղամարդը ՌԴ–ում ապրող հայ կնոջից 4 միլիոնից ավելի գումար է շորթել. ասել է` կամուսնանա հետը

WhatsApp մեսնեջեր
Սյունիքում ապրող մի տղամարդ խաբեության միջոցով մաս-մաս գումար է շորթել ՌԴ–ում ապրող մի հայ կնոջից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Սյունիքի 33-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջից հափշտակել է 4 միլիոն դրամից ավելի գումար։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով դեպքից։
Այսպես, 33-ամյա տղամարդը հեռախոսային տարբեր հավելվածների կիրառմամբ, կեղծ անվամբ ծանոթանալով ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու և ամուսնության նպատակով վերջինիս հանդիպելու պատրվակով կնոջից պահանջել և 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացել է 2 153 790 դրամ:
Բացի այդ, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին 33-ամյա տղամարդը «WhatsApp»-ի միջոցով կնոջից պահանջել է իրեն ուղարկել 2 282 000 դրամ գումար՝ սպառնալով իր պահանջները չկատարելու դեպքում, հրապարակել վերջինիս արատավորող տեղեկություններ:
33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախությունը) և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով (շորթումը)։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: