ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ապրիլին համատեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկանում ենք Միշելի շաբաթական ժամանակացույցից, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական կայքում։
Այսպես` հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին Բրյուսելում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
ԵՄ-ի աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցումը, կանդրադառնան նաև վերջին շփումից հետո տեղի ունեցած իրադարձություններին։
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ Փաշինյան–Ալիև հեռավար հանդիպում էր կայացել փետրվարի 4-ին:
Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Շառլ Միշելի հետ: Անդրադարձ էր կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: