Սև ծովում ականների պատճառով Բոսֆորի նեղուցով երթևեկությունը նվազել է 80 տոկոսով

Բոսֆորով, մինչև վերջին իրադարձություները, օրական 130 նավ էր անցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Բոսֆորի նեղուցով նավարկող նավերին ապահովագրական ընկերությունները կա՛մ հրաժարվում են ապահովագրել, կա՛մ էլ շատ թանկ գին են առաջարկում։ Այս պատճառով Բոսֆորով անցնող օրական 130 նավերի թիվը դարձել է առավելագույնը 30-40 նավի՝ նվազելով մոտ 80 տոկոսով։ Այս մասին հայտնել է թուրքական «Փիրի Ռեիս» կոչվող ծովային հիմնադրամի նախագահ Վեհբի Քոչը, փոխանցում է թուրքական YeniŞafak թերթը։
Ըստ նրա՝ ընկերությունները նավերն ապահովագրելուց հրաժարվում են թե՛ ռազմական գործողությունների, թե՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։
Թուրքիայի ծովային անվտանգության վարչության պետ Ջահիթ Իսթիքբալն էլ նշել է, որ մինչև Բոսֆորի նեղուց հասնելը բոլոր ականները պետք է բացահայտվեն ու չեզոքացվեն, հակառակ դեպքում աղետ կլինի․
«Սև ծովի որ մասում ուզում է լինի` հոսում է դեպի Բոսֆորի նեղուց։ Նեղուցով անցնող նավերի 20 տոկոսն էլ տանկերներ են։ Այս պատճառով Սև ծովում Թուրքիայի բոլոր ափերին կանխարգելումները պետք է ուժեղացվեն։ Օրինակ` Քարաբուրուն կոչվող ափին այսօր մոտեցել են տանկերներ, որոնք Ստամբուլի օդանավակայանի ինքնաթիռների համար վառելիք են տեղափոխում, այնտեղ նավահանգիստ կա, որտեղ բեռնաթափվում են։ Ստացվում է՝ այս շրջանների մոտ էլ պետք է կանխարգելող միջոցառումներն ուժեղացվեն, հակառակ դեպքում աղետ կլինի»,-մանրամասնել է Իսթիքբալը։
Հիշեցնենք` Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան:
Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին նախազգուշացում էին ուղարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության կապակցությամբ: Դրանից հետո, վերջին մեկ շաբաթում, թուրքական կողմն առնվազն երկու անգամ ական է հայտնաբերել։