«Ռոսավիացիան» հերթական անգամ երկարացրել է թռիչքների արգելքը 11 օդանավակայանում

Ավիաընկերություններին թույլատրվում է թռիչքներ կատարել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ռոսավիացիան» 6-րդ անգամ երկարացրել է Ռուսաստանի կենտրոնական մասի և հարավի 11 օդանավակայանում թռիչքների արգելքը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը։
Մինչև ապրիլի 7-ը երկարացվել է թռիչքների սահմանափակումը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։
Ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվել է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները: Կառույցից հավաստիացրել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իրադրության սրման պատճառով 2022 թվականի փետրվարի 24-ից Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ից Ռուսաստանի մի քանի օդանավակայանների աշխատանքները ժամանակավոր դադարեցվել էր։