ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Իրանի հյուսիսում էներգիայի դեֆիցիտ կա, և Իսլամական հանրապետության համար առավել ձեռնտու է ոչ թե գեներացնող հզորություններ կառուցելը, այլ էլեկտրաէներգիա ներմուծելը, ընդ որում` այդ մատակարարումներին կարող էին մասնակցել ոչ միայն Ռուսաստանը, այլև Վրաստանն ու Հայաստանը։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակամրջի ժամանակ ասել է էներգետիկայի փորձագետ, «Գեոէներգետիկա.ինֆո» ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը։
Նա կարևորել է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը։ Փորձագետը հիշեցրել է, որ պետք է էներգակամրջի նախագիծ մշակվի։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանն իր համակարգը սինխրոնացրել է Իրանի հետ։ Համապատասխանաբար, Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման համար օգտագործվում են փոխակերպիչ համալիրներ՝ մշտական հոսանքի ներդիրներ (ՄՀՆ)։ Պետք է միայն տեխնիկական բնույթի մի շարք խնդիրներ լուծել, ինչի համար էլ ստեղծվել է աշխատանքային խումբը։
«Որոշ ժամանակ այն (աշխատանքային խումբը) ոչ այնքան ակտիվ փուլում է գտնվել, առավել ևս, որ բոլորը դեռ հիշում են 2020թ.–ի աշնան իրադարձությունները։ Հիմա կարծես թե ամեն ինչ կամաց–կամաց տեղն է ընկնում, և ես մեծ հույս ունեմ, որ այս նախագիծն էլ կիրագործվի»,–նշել է փորձագետը։
Նրա խոսքով` Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան էներգակամրջի նախագիծը ձեռնտու է բոլոր մասնակիցներին։
Մարցինկևիչը գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև էներգետիկ ոլորտում երբեք խնդիրներ չեն առաջացել անկախ քաղաքական իրավիճակից։ Նա հույս է հայտնել, որ էներգետիկան հիմք կդառնա երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնման համար։
ԵԱՏՄ-ն Իրանի հետ միացնող (Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգակամրջով) մինչև 1,2 ԳՎտ ընդհանուր թողունակությամբ «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի աշխատանքները սկսվել են 2015 թվականի դեկտեմբերին: 2016 թվականի ապրիլին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարները Երևանում ստորագրել են «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման «ճանապարհային քարտեզը»: Այն նախատեսում էր տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում։ Այդ մասին համաձայնագիրը ստորագրվել է Բաթումում 2016թ.-ի սեպտեմբերին։ Նախագծի գործարկման աշխատանքները դեռ չեն ավարտվել։
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա ներկայում իրականացվում են 400 կիլովատտ հզորությամբ «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման և 400 կՎտ հզորությամբ «Նորավան»ենթակայանի կառուցման ծրագրի նախագծային աշխատանքները: Դրանց ավարտի իրական ժամկետը 2022-2023 թվականներն են։