Ռուսական գազի դիմաց վճարումը կատարվելու է եվրոյով․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (15 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ գերմանական ընկերությունները ռուսական գազի դիմաց կվճարեն եվրոյով։ Տեղեկությունը հայտնում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթը:
Նա նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Պուտինը տեղեկացրել է Շոլցին, որ ապրիլի 1-ից ռուսական օրենսդրությամբ դեպի Եվրոպա գազի մատակարարումների դիմաց պետք է ռուբլով վճարվեն:
«Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ եվրոպական պայմանագրային գործընկերների համար ոչինչ չի փոխվի։ Հաշվարկները կիրականացվեն բացառապես եվրոյով և սովորականի պես կփոխանցվեն Գազպրոմբանկ, որը պատժամիջոցների տակ չի ընկել։ Բանկը գումարը ռուբլու կվերածի», - ասել է Հեբեշտրայթը։
Նրա խոսքով՝ կանցլեր Շոլցը այդ զրույցի ընթացքում համաձայնություն չի տվել, այլ միայն գրավոր տեղեկություն է խնդրել ընթացակարգն ավելի լավ հասկանալու համար: Ինչպես և նախկինում, «Մեծ յոթնյակի» պայմանավորվածությունը ուժի մեջ է մնում. էներգակիրների մատակարարումների դիմաց կվճարեն բացառապես եվրոյով ու դոլարով, ինչպես դա նախատեսված է պայմանագրերով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը: