ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) տվյալ պահին ուսումնասիրություններ է իրականացնում առողջապահության, պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում։ Տեղեկությունը հայտնում է ՊՎԾ–ն։
Ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն` տեղի է ունեցել 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։
Ըստ այդմ` իրականացվել է 12 ուսումնասիրություն, որից 9-ը գտնվում են ընթացքում:
Իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են հիմնականում հետևյալ խախտումները՝ կառավարության որոշումների պահանջների չկատարում, պետական միջոցների անարդյունավետ կառավարում, ձեռք բերված ապրանքի, կատարված աշխատանքի անհամապատասխանությունը կնքված պայմանագրերին և գնման գործընթացի անհամապատասխանություն «Գնումների մասին» օրենքին։ 8 դեպքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։