ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված անձանց շրջանում առկա է հոգեբանական խոցելիության բարձր աստիճան, և անհրաժեշտ է իրականացնել հոգեբանական աջակցության միջոցառումներ։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` գրառում անելով։
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։
Ստեփանյանը նշում է, որ տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։
«Որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն։ Բացի այդ, խախտված է երեխաների կրթության իրավունքը, գործնականում նշված համայնքներից տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները զրկվել են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից»,–հայտնում է Ստեփանյանը։
Նրա խոսքով` նշված համայնքներից տեղահանված անձանց շրջանում առկա է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման անհնարինություն։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։