ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի` Բաքու կատարած այցին։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել էին, որ Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփփին ժամանել է Բաքու։ Նշվում էր, որ մեկօրյա այցի շրջանակում բրիտանացի նախարարը բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու Բաքվում։ Մասնավորապես, ծրագրված էր նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Բեգլարյանը գրել է, որ այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք է բռնազավթում, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը:
«Բրիտանական բացահայտ աջակցությունն Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել»,–նշել է Բեգլարյանը։
Նրա խոսքով` սա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով։
Սրա հետևանքով, ըստ Բեգլարյանի, ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը: Նրա խոսքով` Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում: