ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօրվանից մեկնարկել է 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ հաղորդագրության` վճարումների ուշացումները պայմանավորված էին ցուցակների ճշգրտմամբ: Այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի գերատեսչությանը:
Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները աջակցություն կստանան հետևյալ չափերով՝
անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ,
մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։
Նշենք, որ 2021թ–ի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում շարունակում են բնակվել պատերազմի արդյունքում տեղահանված 20000-ից ավելի արցախցիներ:
Պատերազմի օրերին Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվել շուրջ 98000 արցախցիներ, որոնցից շուրջ 38000–ը` տեղահանվածներ:
Ըստ Արցախի կառավարության տվյալների՝ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ Արցախում բնակվում է 117 455-ից ավելի մարդ: