ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր` մարտի 30–ին, համատեղ վարժանքներ են անցկացրել երկաթուղային տրանսպորտում տարբեր տեսակի արտակարգ իրավիճակների պատրաստ լինելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և ՀՀ ԱԻՆ–ը համատեղ վարժանքներ են անցկացրել երկաթուղային տրանսպորտում տարբեր տեսակի արտակարգ իրավիճակների պատրաստ լինելու նպատակով (30 մարտի, 2022)
© Photo : пресс служба ЮКЖД
Հաղորդագրության համաձայն` մոդելավորվել է, մասնավորապես, երեք արտակարգ իրավիճակ։
Առաջինը երկաթուղային գծերի վրա մարդատար գնացքի բախումն է՝ այրվող վագոնից տուժած ուղևորների տարհանմամբ։
Երկրորդ սցենարը ենթադրում էր քիմիական նյութի արտահոսք երկաթուղային ցիստեռնից։
Երրորդը վառելանյութով ցիստեռնի բռնկումն էր։
Վարժանքներն անցկացվել են ԱԻՆ հատուկ տեխնիկայի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Վերականգնման և հրդեհաշիջման գնացքներ» ձեռնարկության աշխատակիցների ներգրավմամբ, որոնք ունեն փրկարարի որակավորում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և ՀՀ ԱԻՆ համատեղ վարժանքներ են անցկացրել երկաթուղային տրանսպորտում տարբեր տեսակի արտակարգ իրավիճակների կիրառման նպատակով (30 մարտի, 2022).
© Photo : пресс служба ЮКЖД
Վարժանքներին հետևել են Հարավկովկասյան երկաթուղու և արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությունը։
«Գերազանց աշխատեցիք, ոչնչով չեք զիջում ԱԻՆ աշխատակիցներին, որոնք ցույց տվեցին վարպետության բարձր աստիճան», - ասել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը` գնահատելով «Վերականգնման և հրդեհաշիջման գնացքներ» ձեռնարկության աշխատակիցների պատրաստվածության աստիճանը։
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: