Եվրոպայի բռնցքամարտի առաջնության օրերին Կարապի լճի հարակից տարածքում ֆան-գոտիներ կլինեն

Երևան. Կարապի լիճ. Արխիվային լուսանկար
Կտեղադրվի մեծ էկրան, ներկայացված կլինեն մարզական միջոցառման մասնակիցների նկարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ֆան-գոտիներ կստեղծվեն Կարապի լճի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում։
Նա հայտնել է, որ կտեղադրվի մեծ էկրան, ներկայացված կլինեն մարզական միջոցառման մասնակիցների նկարները:
«Մենք ամբողջ թափով պատրաստվում ենք միջոցառմանը և վստահ եմ, որ այն լինելու է լավագույն առաջնություններից մեկը, եթե ոչ լավագույնը: Կլինի գեղեցիկ բացման արարողություն, որի ընթացքում կներկայացնենք մեր ներկան, անցյալը և, իհարկե, ապագան»,-ասել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ–ին հատկացվել է 77 768 000 դրամ։ Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 անձանց, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն։