ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլն այսօր թուրքական լրատվամիջոցների քննարկման հիմնական թեման է։ Թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր աղբյուրները վստահ են, որ բանակցությունները Թուրքիայում անցկացնելը բարձրացրել է իրենց երկրի վարկանիշը, բայց ընդդիմադիրները նաև հարցադրում են անում՝ արդյոք Թուրքիային պե՞տք է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկիր դառնալը։
Բանակցությունների ավարտից անմիջապես հետո թուրքական բոլոր լրատվամիջոցների գլխագրերում Ուկրաինայի առաջարկությունն էր այն մասին, որ Թուրքիան Ուկրաինայի անվտանգության համար երաշխավոր երկրների ցանկում է դիտարկվում։ Թուրքիայի կողքին ուկրաինացիները թվարկել էին ՄԱԿ ԱԽ երկրներին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին և Իսրայելին և հավելել՝ այլ երկրներ ևս կարող են միանալ, եթե ցանկանան, միայն թե անվտանգության երաշխիքները պետք է ՆԱՏՕ-ի 5-րդ կետի նման լինեն, ինչը կենթադրի, որ Ուկրաինայի անվտանգությանը սպառնալիքի դեպքում երաշխավոր երկրները պետք է նաև ռազմական օգնություն տրամադրեն նրան։
Իշխանական թուրքական մամուլը բանակցություններից հետո հիմնականում գրում է, որ թեպետ դրանք նախատեսվածից շուտ վերջացան, միևնույնն է՝ բանակցությունները Ստամբուլում բարձրացրին թե՛ Թուրքիայի, թե՛ անձամբ Էրդողանի վարկանիշը։
«Եթե Էրդողանին հաջողվի նաև Զելենսկի-Պուտին հանդիպումը կազմակերպել, ապա «2023թ․ ընտրություններին կուզեն ընդդիմադիր 6 կուսակցություն իրար միանալ Էրդողանի դեմ, թե 60 կուսակցություն, միևնույնն է՝ չեն հաղթի նրան»,– գրում է Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Ընդդիմադիրներն, իհարկե, չեն հակաճառում, որ Թուրքիայի վարկանիշը բարձրացել է, բայց նաև ռիսկային որոշում են համարում Ուկրաինայի երաշխավոր դառնալը։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը պատկանող Cumhuriyet թերթի հետ զրույցում, օրինակ, ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Ումիթ Փամիրը շեշտում է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է ենթադրում «Թուրքիան՝ անվտանգության երաշխավոր երկիր» արտահայտությունը՝ առանձին-առանձին երաշխավորությո՞ւն, թե՞ կոլեկտիվ․
«Եթե ենթադրվում է, որ ամեն երկիր առանձին պիտի երաշխավորի, նշանակում է, որ եթե ապագայում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանը նոր գործողություն անի, Թուրքիան պետք է մտնի ռազմական գործողությունների մեջ։ Այս տեսակետից Թուրքիայի համար քննարկելի է միայն կոլեկտիվ երաշխավորության համակարգը։ Մյուս կողմից, եթե նախատեսվում է միասին կամ առանձին-առանձին երաշխավորության համակարգ, միևնույնն է, երբ թվարկվող մյուս երկրներն ասեն` մենք այս գործում չկանք, Թուրքիան կմնա միայնակ»,-նշել է նա։
Այս համատեքստում թուրք պաշտոնյան ակնարկում է` Թուրքիան, որը փորձում է այս հարցում չեզոք դիրք ունենալ՝ չփչացնելով իր հարաբերությունները ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Թուրքիայի հետ, ստիպված կլինի մտնել Ռուսաստանի դեմ գործողության մեջ։
Թուրք փորձագետ Հաքան Գյունեշն էլ երաշխավոր երկիր լինելը անառողջ միտք է համարում ոչ միայն Թուրքիայի, այլև Լեհաստանի համար։ Նրա դիտարկմամբ՝ հարևան կամ աշխարհագրորեն մերձակա երկրների՝ անվտանգության երաշխավոր լինելը ռիսկային է, կարող է լարվածություն առաջացնել, իսկ այդ կարգավիճակի համար ավելի հարմար են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան կամ Կանադան, որոնք նաև պատրաստակամ են լինել երաշխավոր։
Հիշեցնենք, որ Թուրքիան անընդհատ փորձում է ռուս-ուկրաինական բանակցություններում միջնորդ դառնալ։ Թուրքիայի այս քաղաքականության արդյունքում երեկ Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրա ավարտին երկու պատվիրակությունները հայտարարություններ արեցին, խոսվեց այն մասին, որ Ուկրաինան առաջարկներ է արել հրադադար հաստատելու, հետո անվտանգության երաշխավորությունների մասին, ռուսական կողմն էլ ընդունել է դրանք։ Այնուամենայնիվ, որևէ հարցի շուրջ հստակ համաձայնություն ձեռք չէր բերվել, ինչպես դա փորձում են ներկայացնել թուրքական լրատվամիջոցները։