ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում ժամանակից շուտ 15։3 հաշվով հաղթելով թուրք Սուլյման Աթլիին դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Ըստ վիճակահանության`61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը պայքարն այս մրցումներում սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով հաղթանակի հասավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիի նկատմամբ։ Անհամեմատ դիտարժան ստացվեց Արսենի մասնակցությամբ կիսաեզրափակիչ գոտեմարտը։
Հարությունյանը գոտեմարտի ընթացքում պարտվում էր Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևին 0։6 հաշվով, բայց հերթական անգամ բեկեց գոտեմարտի ընթացքն ու վերջնական հաղթանակի հասավ 13։8 հաշվով։ Եզրափակիչում Հարությունյանի մրցակիցն էր թուրք Սուլեյման Աթլին։
Հետաքրքիր է, որ 2019 թվականին Բուխարեստում երկու ըմբիշներն էլ նվաճել էին Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Աթլին 57 կգ, իսկ Արսենը 61 կգ քաշային կարգերում։ Թուրք ըմբիշը անհամեմատ փորձառու է հայ ըմբիշից ու նաև ունի բազմաթիվ տիտղոսներ։ Հետևաբար հայ ըմբիշին սպասվում էր դժվարին գոտեմարտ։ Արսենը շատ ակտիվ սկսեց գոտեմարտն ու առաջին րոպեի ընթացքում, անցնելով մրցակցի թիկունքը և գլորելով նրան, վաստակեց ութ միավոր։ Ժամանակից շուտ հաղթանակի հասնելու համար հարկավոր էր ևս երկու միավոր։ Չելենջի միջոցով մեր մարզիչները փորձեցին այդ երկու միավոր ստանալ, բայց ավաղ չստացվեց։
Նախ Աթլին ստացավ մեկ միավոր, ապա վաստակեց ևս երկուսը` անցնելով Հարությունյանի թիկունքը։ Երկրորդ մրցափուլում Արսենը նորից սկսեց գրոհով ու ամեն ինչ ավարտվեց հայ ըմբիշի բացահայտ առավելությամբ հաղթանակով՝ 15։3։ Հաղթելով Եվրոպայի կրկնակի չեմպիոնին` Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու մեր հավաքականի ըմբիշներից Հրայր Ալիխանյանը։ 74 կգ քաշային կարգում մեր ըմբիշի մրցակիցն է լինելու վրացի Գիորգի Սուլավան։