Ռուսաստանը կարտաքսի լատվիացի, լիտվացի և էստոնացի դիվանագետներին

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է, որ դիվանագետները լքեն Ռուսաստանի տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, կարտաքսի Մերձբալթյան երկրների դիվանագետներին։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։
Ըստ հաղորդագրության` այսօր ՌԴ ԱԳՆ են կանչվել Մերձբալթյան երեք երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպանները։ Դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին վճռական բողոք է ներկայացվել Մերձբալթյան պետություններում Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցներին արտաքսելու սադրիչ, ոչնչով չհիմնավորված գործողությունների կապակցությամբ:

«Հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա՝ չեղարկվել է Մոսկվայում Լիտվայի դեսպանատան 4 աշխատակցի, Լատվիայի դեսպանության 3 աշխատակցի և Պետերբուրգում Էստոնիայի գլխավոր հյուպատոսության և Պսկովի գրասենյակի 3 ներկայացուցչի հավատարմագրումը։ Պահանջվել է, որ նրանք Ռուսաստանի Դաշնության տարածքը լքեն նույն ժամկետում, որը հատկացվել է Մերձբալթյան երկրներից ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների մեկնման համար», - հավելել են նախարարությունում:

Հիշեցնենք` Մերձբալթյան հանրապետությունները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցներին արտաքսելու մասին հայտնել էին մարտի 18-ին։