ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Հայաստանում հնարավորություն ունեն Visa և Mastercard բանկային քարտեր ստանալ։ Այս տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ ԿԲ–ից` Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։
«Թե՛ ՀՀ օրենսդրությունը, թե՛ ենթաօրենսդրական ակտերը չեն արգելում ոչ ռեզիդենտներին բացել և վարել հաշիվներ, ինչպես նաև կատարել ցանկացած բանկային գործարքներ»,– հայտնում են ԿԲ–ից:
ՌԴ քաղաքացիների` հայաստանյան բանկերում կատարվող գործարքները, սակայն, ըստ ԿԲ մեկնաբանության, պետք է բավարարեն Փողերի լվացման ևահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (ՓԼԱՖ) պահանջներին, չհետապնդեն այլ նպատակներ, օրինակ` շրջանցել հարկային օրենքները կամ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև համապատասխանեն այն երկրների օրենսդրական պահանջներին, որոնց հետ կամ որոնց արժույթով իրականացվում են գործարքները:
Նշենք, որ օտարերկրյա քաղաքացիների համար բանկային հաշիվ բացելիս ՀՀ բանկերն ավելի խիստ միջոցներ են կիրառում ապագա հաճախորդների հայտը բավարարելու համար։ ՀՀ օրենսդրությունը չի արգելում լրացուցիչ փաստաթղթեր պահանջելը, ինչը հիմնականում կիրառվում է` բանկերի հավելյալ ռիսկերն ապահովագրելու համար։
Այս մասին իր վերջին ասուլիսում հայտնել էր նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Հիշեցնենք` ՌԴ–ի և Բելառուսի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումների հետևանքով այդ երկրների հազարավոր քաղաքացիներ տեղափոխվեցին ՀՀ` այստեղ իրենց բիզնեսը գրանցելու, բանկային հաշիվներ բացելու նպատակով։
Մարտի 25-ի դրությամբ Հայաստան են տեղափոխվել 268 ընկերություն և մոտ 1,5 հազար ոչ ռեզիդենտ անհատ ձեռներեցներ, մեծամասամբ՝ Ռուսաստանից։ Դրանից 1 շաբաթ առաջ նրանց թիվը դեռ 224 էր։