ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո
Պաշտոնյան համոզված է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կկարգավորվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի լարվածությունը կկարգավորվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք հույս ունենք, որ այդ ամենը կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում», - ասել է նա:

Իսկ ադրբեջանական զորքերը նախկին դիրքեր դուրս բերելու վերաբերյալ հարցը, փոխարտգործնախարարի խոսքով, պետք է ուղղել Բաքվին։
«Արտաքին գործերի նախարարությունն արել է իր հայտարարությունը՝ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածության սրման կապակցությամբ», - ասել է Ռուդենկոն:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը։