Պուտինի օգնականը հայտնել է` երբ կկայանա Պուտին-Զելինսկի հանդիպումը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են այդ երկրի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակ ունենալու ցանկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պայմանագրի նախաստորագրումից հետո։
Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին` Ստամբուլում ընթացող բանակցությունների հերթական փուլի ընթացքում։
Մեդինսկին հստակեցրել է, որ պայմանագրի նախաստորագրումը կկատարվի երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով։
ՌԴ նախագահի օգնականը ընթացող բանակցությունները «կառուցողական» է անվանել ` հավելելով, որ Ռուսաստանը կքննարկի ուկրաինական կողմի առաջարկները, որոնք կզեկուցվեն նախագահ Պուտինին։
«Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են այդ երկրի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակ ունենալու ցանկությունը»,– ասել է Մեդինսկին։
Ըստ նրա` Ռուսաստանը Ստամբուլում հստակ ձևակերպված դիրքորոշում է ստացել Ուկրաինայից։
Ռուսաստանն իր հերթին երկու քայլ կկատարի՝ Ուկրաինայի նկատմամբ հակամարտությունը թուլացնելու համար։
Հիշեցնենք՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները տևել են մոտ 4 ժամ։ Պատվիրակությունները Թուրքիա էին ժամանել մարտի 28-ին։ Հանդիպումը մեկնարկել էր այսօր` մարտի 29–ին։
Ավելի վաղ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։