Փաշինյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում միջխորհրդարանական երկխոսության դերը

Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետի կարծիքով՝ կյանքի մշտապես փոփոխվող պայմաններն ու ժամանակի նոր մարտահրավերները հրատապ խնդիրներ են ձևավորում խորհրդարանական աշխատանքի համատեքստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին հղած ուղերձում կարևորել է այս կառույցի զարգացման համատեքստում խորհրդարանական երկխոսության դերը: Հանդիսավոր նիստը մեկնարկել է Ալմաթիում և նվիրված է ԱՊՀ-ի ստեղծման 30-ամյակին: ՀՀ վարչապետի ուղերձն ընթերցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Փաշինյանի խոսքով՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարևոր ջանքեր է գործադրում Համագործակցության մասնակից պետություններում պառլամենտարիզմի զարգացման ուղղությամբ: Այդ խնդիրը լուծվում է նաև մասնակից պետություններում ընտրությունների մոնիտորինգին մասնակցելու պրակտիկայի միջոցով։

«Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն հարթակ: Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարևոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թևերի միջև փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձևավորումը», - նշված է ուղերձում:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԻՆ նախարարին երկշաբաթյա հանգստի է ուղարկում
Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացմանը:
Նա վստահ է, որ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության պատկառելի փորձի հարստացումն այսուհետ ևս կնպաստի ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ՝ մեր պետությունների միջև ընդհանուր առմամբ համագործակցության զարգացմանը։