Մանվել Խնձրցյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Մանվել Խնձրցյանը
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի յոթ ըմբիշներից երեքը այսօր գոտմարտելու են մեդալների համար։ Մեր թիմն իրական հնարավորություն ունի մրցումային երկրորդ օրը նվաճել երկու բրոնզե և մեկ ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։2 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Ստեչելեյին։
57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից, որում 11։6 հաշվով առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Անատոլի Բուռույանի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը վստահ մենամարտ անցկացրեց թուրք Մուհամետ Կարավուսի հետ։ Առաջին մրցափուլում 0։4 հաշվով պարտվելիս` Խնձրցյանը բեկեց գոտմարտի ընթացքն ու առաջ անցավ 6։4 հաշվով։ Իսկ փոքրիկ ընդմիջումից հետո հայ ըմբիշի գրոհը վերջակետ դրեց գոտեմարտին։
Իրար հետևից վաստակելով ութ միավոր` Խնձրցյանը հաղթանակի հասավ ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով։ Կիսաեզրափակիչում Մանվելի մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ալեքսանդր Եգորովն էր։ Հայ ըմբիշի գործողություններում լուրջ լարվածություն կար ու, նրա սխալներից օգտվելով, 2019 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Եգորովը հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ։
Երրորդ տեղի համար գոտեմարտում Խնձրցյանի մրցակիցը գերմանացի Նիկլաս Ստեչելեն էր։ Հայ ըմբիշը շատ վստահ անցկացրեց մեդալային գոտեմարտը և, մրցափուլերից յուրաքանչյուրում միավորներ վաստակելով և մրցակցին տալով միայն երկու միավոր, հաղթեց 6։2 հաշվով ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։