ՄԱԿ-ը մտահոգված է Արցախում լարվածության աճով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը. Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը ողջունել է դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՄԱԿ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով ու ողջունում է դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը։
ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին տեղեկություններով։ Ողջունում ենք դեէսկալացիայի ուղղությամբ եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից գործադրվող ջանքերը»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։