ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Անվտանգության երաշխիքների համակարգի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ դրանք Ղրիմի և Դոնբասի տարածքների վրա չեն տարածվում։ Այդպիսով, ըստ էության, Կիևը հրաժարվում է դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելուց։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Արտադաշինքային ոչ միջուկային կարգավիճակի իրականացման նպատակով ներկայացվում է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետությունների ցանկը։ Անվտանգության երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի տարածքների վրա, այսինքն Ուկրաինան հրաժարվում է Ղրիմը, Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից և հայտարարում, որ դա հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Իհարկե, դա մեր դիրքորոշմանը ոչ մի կերպ չի համապատասխանում, բայց Ուկրաինան ձևակերպել է իր մոտեցումը», – ասել է ՌԴ պատվիրակության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները «չեն տարածվում Ուկրաինայի այն տարածքի վրա, որը նրանք Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններ են անվանում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։