ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Խրամորթից ու Փառուխից տարհանված բնակիչներին (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) սննդամթերքի և ֆինանսական աջակցություն են տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը` հավելելով, որ առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառեն:
Բեգլարյանը նշում է, որ քանիցս այցելել է Խրամորթ, կապ է պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ:
«Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս աջակցություն է ցուցաբերում, այդ թվում՝ ֆինանսական բնույթի։ Ըստ կարիքի, կառավարությունը նույնպես ֆինանսական օգնություն կտրամադրի տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները»,–հայտնում է Բեգլարյանը։
Բացի այդ, նա հանձնարարել է ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ:
Գյուղատնտեսության նախարարությունն էլ, ըստ Բեգլարյանի, միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։