ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն այս պահին շատ վիճահարույց է, որովհետև հակառակի պես ցանկանում է ակտիվանալ այն ժամանակ, երբ ուկրաինական ճգնաժամի համատեքստում պատժամիջոցային քաղաքականության պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ–ն ՌԴ–ի կողմից ճանաչվել են ոչ բարեկամական պետություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Ըստ նրա` գործնականում անհնար է պատկերացնել, թե նման միջպետական հարաբերությունների պարագայում համանախագահներն ինչպես են հարաբերվելու կամ միասին աշխատելու, որովհետև ՌԴ–ի նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքն ու վերջինիս հակադարձումը լավատեսություն չեն ներշնչում։
«Դժվար է կռահել, թե այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման մոտիվացիան որտեղից է գալիս։ Դատելով արևմտյան երկրների դիրքորոշումներից` նրանց համար մեր տարածաշրջանում երկրորդ ճակատի բացումը կարծես թե ավելի ձեռնտու պետք է լիներ, քան հակամարտության կարգավորումը կամ բանակցությունների վերսկսումը, մինչդեռ ՌԴ–ի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է, քանզի Թուրքիան և Ադրբեջանը կանգնել են Ուկրաինայի կողքին` հարուցելով ՌԴ–ի դժգոհությունն ու հակակրանքը։ Հնարավոր է, որ Մոսկվան ինչ–որ տեղ մտածում է նրանց պատժել նման վարքագծի համար, որովհետև բացահայտ նոնսենս է, երբ Ադրբեջանը ՌԴ–ի հետ ռազմավարական համաձայնագիր է ստորագրում, բայց հետո ակնհայտորեն աջակցում է Ուկրաինային»,– ասաց քաղաքագետը։
Քեռյանի դիտարկմամբ` եթե ԵԱՀԿ–ն ակտիվացել է, նշանակում է` կան խթաններ, որոնք ստիպում են համանախագահներին ակտիվանալ։ Ըստ նրա` Ադրբեջանն այժմ չի ընդունում այդ ձևաչափի գործունեությունը որպես հակամարտության կարգավորման մեխանիզմ, կառույցի նկատմամբ դժգոհություն կա նաև Հայաստանում, որովհետև նշված ձևաչափը լուռ էր 44-օրյա պատերազմի օրերին` անուղղակիորեն նպաստելով ադրբեջանական ագրեսիային և ուժի չկիրառման սկզբունքի խախտմանը, մինչդեռ կարող էին Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ։
Քաղաքագետի կարծիքով`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունը չպետք է մերժել, քանզի այլ ձևաչափ գոյություն չունի, ուստի Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հակամարտության կարգավորումը մտնի խաղաղ հուն, թեև ԵԱՀԿ համանախագահներն, ըստ նրա, բարոյական մեծ պատասխանատվություն ունեն հայ ժողովրդին ու Հայաստանին 44-օրյա պատերազմի ընթացքում լքելու համար։
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան:
Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը:
Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը: