ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռ չի տեղափոխվել ծառայողական առանձնատուն և շարունակում է ապրել իր բնակարանում։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկությունը հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Հանրապետության նախագահը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.2-րդ հոդվածով նախատեսված, այդ թվում նաև՝ ծառայողական առանձնատուն տեղափոխվելու իր իրավունքը կարող է իրացնել ցանկացած պահի»,– նշված է պատասխանում:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կայացավ մարտի 13–ին։ Նա ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության` ՔՊ–ի 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։
Խաչատուրյանը 1990-ականներին զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Ըստ elections.am-ի՝ նա բնակվում է Երևանի Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանում։