Հայաստանը կարող է կլիմայական ծրագրով մարել Ռուսաստանի հանդեպ պարտքի մի մասը. Կրեմլ

Կլիմայական ծրագրերը ենթադրում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատում կամ դրանց կլանման ավելացում, օրինակ՝ տարածքի կանաչապատման, արտադրության արդիականացման միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանը քննարկում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մի մասի դուրսգրումը համատեղ կլիմայական նախագծերի իրականացման միջոցով, ասվում է Կրեմլի կայքում:
Անհրաժեշտ են հրատապ քայլեր․ ՀՀ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին
Այս թեման Ռուսաստանի նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը քննարկել է «Կլիմա՝ պարտքի դիմաց» մեխանիզմի գծով Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանի հետ: Սրանք այդ թեմայով Ռուսաստանի առաջին բանակցություններն են մեկ այլ պետության հետ, համենայն դեպս առաջինն են, որոնց մասին հաղորդվում է հրապարակավ։
«Զրույցի ընթացքում քննարկվել են համատեղ կլիմայական նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի Հանրապետության պարտքի հաշվանցման հեռանկարները: Նման մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել վարկառուի պարտքային բեռը և նպաստել տնտեսության ապակարբոնացման համալիր միջոցառումների անցկացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կլիմայական ծրագրերը ենթադրում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատում կամ դրանց կլանման ավելացում, օրինակ՝ տարածքի կանաչապատման և անտառների տնկման և/կամ արտադրության արդիականացման միջոցով։
Դրանց իրականացման արդյունքում թողարկվում են ածխածնային միավորներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վաճառել և գնել, ինչպես սովորական արժեթղթերը։ Նրանք հաստատում են, որ այս կամ այն նախագիծը նպաստել է ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների կրճատմանը։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանն ու Հայաստանը նախանշել են «մի շարք հավանական նախագծեր», այդ թվում՝ հիդրոօդերևութաբանական ծառայությունների ներուժի ամրապնդման, հասարակական տրանսպորտի էլեկտրիֆիկացման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու ուղղությամբ:
Էդելգերիևն առաջարկել է Փարիզի համաձայնագրի 6-րդ հոդվածի շրջանակներում շուկայական մեխանիզմներ ներգրավել այդ գործում, որոնք կարող են հիմք ծառայել կլիմայական նախագծերի համատեղ իրականացման համար: Այսինքն, ըստ էության, ածխածնային միավորների (օֆսեթների) առք ու վաճառք:
«Փարիզի համաձայնագրի ջերմաստիճանային նպատակներին հասնելու գործում ՌԴ ներդրումը ներառում է կամավոր տեխնոլոգիական աջակցության ցուցաբերում 12 պետությունների, այդ թվում՝ Հայաստանին»,-նշում է Կրեմլը:
Զարգացող երկրների կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման համար մեխանիզմ է մշակվել ՀՀ-ում
Բուն Ռուսաստանում կլիմայական նախագծերի և ածխածնի օֆսեթ շուկայի ինստիտուտը դեռ չի գործարկվել։ Սպասվում է, որ մեխանիզմը կմշակվի Սախալինում ածխածնային փորձարկման ժամանակ, որը մեկնարկելու է այս տարվա մարտի 1-ին: Փորձարկման արդյունքում Սախալինը 2026 թվականին պետք է դառնա Ռուսաստանում առաջին ածխածնի չեզոք սուբյեկտը։