Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի ՊՆ-ի հասցեական հայտարարությունը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը խոսել է ԼՂ–ում տիրող իրավիճակի մասին` ասելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Սիմոնյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Նա նշել է, որ զենքի և անօդաչու ավիացիայի կիրառումը հերթական անգամ հանգեցրել է մարդկային զոհերի, կան վիրավորներ:
«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր»,-ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ այդ բնույթի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել: Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը:
ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար եւ այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման հարցերն օրհասական են: