ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի միջև բանավեճ է սկսվել Արցախի իրադրության շուրջ՝ կապված առաջնագծում վերջին սրման հետ:
Այսօր Ալմաթիում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա: Նա նշել է, որ մարտի 24-ին ադրբեջանական ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ներխուժել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
ԱԺ նախագահը հայտարարել է Ադրբեջանի կողմից ծանր սպառազինությունների և անօդաչու ավիացիայի կիրառման մասին, ինչի հետևանքով զինծառայողներ են զոհվել և վիրավորվել: Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը ռուս խաղաղապահներից գործնական քայլեր է ակնկալում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
ԱԺ նախագահը խոսել է նաև Արցախում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ադրբեջանական քաղաքականության մասին:
Ի պատասխան Սիմոնյանի ադրբեջանցի գործընկերը սկսել է հերքել նրա փաստարկները՝ ասելով, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նա մեղադրել է Ղարաբաղի բանակի ստորաբաժանումներին «Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու» մեջ:
Գաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը ու իբր չի խախտել դրա դրույթները: Խորհրդարանի նախագահը նաև պահանջել է դուրս բերել հայկական ստորաբաժանումները Ղարաբաղի տարածքից:
Սիմոնյանն իր հերթին հիշեցրել է նրան, որ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին հայտարարել է ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանի Դաշնությունը, որը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Միևնույն ժամանակ, նա կրկին ընդգծել է՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղ գործընթացին։
Նրա խոսքով՝ Երևանն առաջարկում է Բաքվին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։ Սիմոնյանն ավելացրել է, որ Ադրբեջանի կողմից նախկինում փոխանցված հինգ կետից բաղկացած առաջարկներն ընդունելի են Հայաստանի համար, և Երևանում կարծում են, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնեն, ապա կարելի է սկսել աշխատանքը: