Հայ գիտնականների նոու–հաուն. տեղական պարարտանյութը կարող է շուկայում իրավիճակ փոխել

Հայկական արտադրության «էկոբիոֆիդ+» պարարտանյութ
Հայկական արտադրության պարարտանյութն իր տեսակի մեջ եզակի է` հայ գիտնականների նոու-հաուն է սա, քանի որ ստեղծվել է ցեոլիտ-միկրոբ կոմպլեքսի տեսքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. Շատերը չգիտեն, որ շուկայում հայկական արտադրության պարարտանյութ կա, որը կարող է փոխարինել ներկրվող ազոտական, կալիումական պարարտանյութին։ Հատկապես, որ վերջին ամիսներին Հայաստան ներմուծվող պարարտանյութերը շուրջ 80 տոկոսով թանկացել են։ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացված կենսաբանական «Էկոբիոֆիդ +» պարարտանյութը դեռ 2015-ին է Հայաստանում գրանցվել և սկսել արտադրվել։
«Պարարտանյութը նախատեսված է ինչպես հողի պարարտացման, այնպես էլ վերգետնյա` տերևային սնուցման համար։ Այն կազմված է ազոտ ֆիքսող մանրէներից, որոնց մի մասը կոչվում են ազատ ապրող, մյուսները՝ սիմբիոտիկ: Մենք համակցել ենք սրանք, և արդյունքում պարարտանյութը դարձել է ունիվերսալ` ցանկացած մշակաբույսի դեպքում կարելի է այն օգտագործել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսովան։
Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադական կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսովա
Նրա խոսքով` պարարտանյութն իր տեսակի մեջ եզակի է` հայ գիտնականների նոու-հաուն է սա, քանի որ այն ստեղծել են ցեոլիտ-միկրոբ կոմպլեքսի տեսքով։ Ցեոլիտը միկրոտարրեր է պարունակում` երկաթ, ցինկ, սիլիցիում, որն անհրաժեշտ է բույսերի համար։ Պարարտանյութի հումքը բուսական է, այսինքն` այն պարունակում է շաքարներ, վիտամիններ և սպիտակուցներ, որոնք էլ պտղի որակն ու քաղցրությունն են ապահովում։
Պարարտանյութի ստեղծման վրա մի ամբողջ թիմ է աշխատել` գիտնականներ, մանրէաբաններ, տեխնոլոգներ։ 1-2 տարի փորձեր են կատարել լաբորատորիայում Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի կենտրոնի մասնագետների հետ։
Ավետիսովան վստահեցնում է` հայկական արտադրության պարարտանյութի կիրառումից հետո բերքատվությունը 50 տոկոսով ավելանում է։ Ավելին, եթե այն ժամանակին և ճիշտ օգտագործվի, ապա մարդիկ քիչ կօգտագործեն նաև բուժանյութեր, գոմաղբ, այսինքն` ծախսը քիչ կլինի։
«Ցավոք, մեր ֆերմերներից շատերը ծանոթ չեն կենսաբանական պարարտանյութերին և մի փոքր թերահավատորեն են վերաբերում դրանց։ Ֆերմերները սովորել են, որ, օրինակ, քիմիական պարարտանյութի դեպքում այդ պահին բույսը կանաչեց` վերջ, լավ է արդեն, իսկ հետևանքների մասին չեն մտածում։ Կենսաբանական պարարտանյութը դանդաղ է աշխատում, սակայն տնտեսական շահույթը շատ մեծ է լինում»,–ասում է Ավետիսովան։
Ինչ վերաբերում է պարարտանյութի արժեքին, ապա դրա 1 լիտրն արժե 2500 դրամ։ Կենսաբանը նշում է` 1 հեկտարի համար 10 լիտր պարարտանյութ կպահանջվի։ Սակայն պարարտանյութը ստեղծողները խորհուրդ են տալիս առաջին տարին գոնե երկու անգամ կիրառել այն, հետո անցնել մեկ անգամի։ Ավետիսովան ասում է` նույնիսկ երկու անգամ կիրառելու դեպքում մարդիկ 1 հեկտարի համար 50 000 դրամ են ծախսելու, ինչը պարարտանյութի այսօրվա գներից անհամեմատ էժան է։
«Պարարտանյութը հեղուկ տեսք ունի և պետք է կիրառել ջրի հետ խառնելով։ Սա նաև օրգանական գյուղատնտեսության ամենակարևոր բաղադրիչն է, և մեր պարարտանյութի կիրառման դեպքում մարդիկ կարող են սերտիֆիկացնել իրենց բերքը որպես օրգանական»,–ասաց Ավետիսովան։
Հայկական արտադրության «էկոբիոֆիդ+» պարարտանյութ
Ի դեպ, հայկական արտադրության պարարտանյութի լայնածավալ արտադրություն չկա (տարեկան արտադրանքը 1-2 տոննա է), քանի որ այդքան պահանջարկ չի եղել, սակայն այս տարի պարարտանյութերի թանկացումը կարծես իրավիճակ է փոխել։ Տիկին Ավետիսովան նշում է` արտադրական ծավալները մեծացնելու մասին են մտածում, քանի որ արդեն տարբեր մարզերից 100-ական լիտրերով պատվերներ ունեն։ Հիմա շատերը գանգատվում են, որ չեն իմացել պարարտանյութի գոյության մասին։ Բացի այդ, զանգում և հարցնում են` չե՞ն թանկացրել պարարտանյութը, սակայն մասնագետները վստահեցնում են` գնաճը հայկական պարարտանյութի վրա չի ազդելու։
Հավելենք, որ պարարտանյութի անվան «+»-ը փաստում է այն մասին, որ հայ գիտնականները նոր հատկանիշ են ավելացնելու պարարտանյութին, որն արագացնելու է նաև բույսի աճն ու բերքատվությունը։ Այժմ դրա փորձարկման փուլն է։
Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադական կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսովա
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր պարարտանյութերի թանկացման խնդրին։