Գյումրիում Զատիկը կնշվի տոնախմբությամբ. հավկիթախաղի հաղթողը կմեկնի Երուսաղեմ

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստին քննարկման էր ներկայացված 5 հարց։ Դրանց մեծ մասն ընդունվեց միաձայն, բուռն քննարկման արժանացավ միայն Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառմանը համայնքի բյուջեից 2 մլն 300 հազար ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Սուրբ Հարության տոնը, որն այս տարի Հայ առաքելական եկեղեցին նշում է ապրիլի 17-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում ծրագրում են նշել մասշտաբային տոնախմբությամբ, որի ժամանակ նախատեսված է հավկիթախաղ` հաղթողների պարգևատրումներով։ Գլխավոր մրցանակը կլինի ճամփորդության տոմսը դեպի Երուսաղեմ։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստին ներկայացնելով համապատասխան նախագիծը` ասաց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
«Նախատեսվում է տոնը սկսել եկեղեցում սուրբ պատարագով, ապա հրապարակում կլինի հավկիթախաղ, որը կտևի 1-1,5 ժամ, կխաղարկվի դեպի Երեսուսաղեմ ճամփորդության տոմս…»,– ասաց նա:
Թովմասյանը նշեց, որ միջոցառման անցկացման համար համայնքային բյուջեից պահանջվում է հատկացնել ընդհանուր 2 մլն 300 հազար դրամ գումար:

«Այս նախագծով առաջարկում ենք Սուրբ Զատկի տոնը Գյումրիում դարձնել ինքնատիպ ու յուրահատուկ՝ վերածելով այն ժողովրդական տոնախմբության և դուրս գալով այն բոլոր չափորոշիչներից ու սահմաններից, որոնցով մինչ այս ենք նշել, քանի որ մեր առջև ունենք ազգայինը պահպանելու ու ազգային որգին բարձր պահելու առաջնահերթություն»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ նախագծի` Սուրբ Հարության տոնի միջոցառմանը լինելու են ժողովրդական երգ ու պար, հավկիթախաղ, տոնածիսական այլ խաղեր։ Օրը եզրափակվելու է համերգային ծրագրով։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները զեկուցող Լիլիթ Թովմասյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է հարցն ընդգրկվել արտահերթ նիստի օրակարգում, և ինչո՞ւ ծախսերը հիմնավորված չեն:
Ինչպես են նշում սուրբ Զատիկը զորամասերում. լուսանկարներ, տեսանյութ
Իրենց հարցին սպառիչ պատասխան չստանալով` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 10 անդամները դեմ քվեարկեցին որոշմանը, սակայն ավագանու մյուս խմբակցությունների 20 անդամները կողմ քվեարկեցին, և արդյունքում որոշումն ընդունվեց: