Արցախի ԶՈւ–ն զսպող միջոցառումներ է ձեռնարկել Քարագլխի ուղղությամբ

Զինծառայող
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի տեղեկատվական շտաբը բոլորին հորդորում է հանդարտություն ցուցաբերել և հետևել պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը։