ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Խորենացու փողոցում 17-ամյա երկու պատանի հարվածել են 46-ամյա մի տղամարդու գլխին և կողոպտել նրան։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը հիվանդանոցից ստացվել է մարտի 27-ին, ժամը 23։35-ին։ Տղամարդը հիվանդանոցում ասել է, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկելու հետևանքով, ապա օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ Խորենացու փողոցի հարակից զբոսայգում անծանոթ անձինք խփել են գլխին, ապա հափշտակել 70 000 դրամը:
Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 17-ամյա երկու պատանի, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ:
Փաստի առթիվ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պատանիները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին: Երևանի բնակիչը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: