ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Վերջին ժամանակներս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանում բիզնեսի տեղափոխման (ռելոկացիայի) բավականին մեծ թվով հայցեր են արձանագրվում։ Դրանց մեծ մասը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Հայաստան է ժամանել Ռուսաստանի մոտ 85 հազար, Ուկրաինայի՝ 4 հազար քաղաքացի։ ՌԴ մոտ 4,5 հազար քաղաքացի հաշիվ է բացել հայկական բանկերում։ 938 ՌԴ քաղաքացի Հայաստանում ԱՁ է գրանցել, ևս 268-ը՝ ՍՊԸ։
Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան է տեղափոխվել 268 ընկերություն և մոտ 1,5 հազար ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր, մեծամասամբ՝ Ռուսաստանից։
«Նշված ժամանակահատվածում դիմումները ստացվել են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինաից, Բելառուսից։ Կան նաև դիմողներ Մոլդովայից, Ղազախստանից, այլ երկրներց»,-հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունում։
Օտարերկրյա քաղաքացիներին հետաքրքրում են հիմնականում ՀՀ-ում բիզնեսը գրանցելու և բանկային հաշիվներ բացելու հարցերը։ Էկոնոմիկայի նախարարությունում նշեցին, որ Ուկրաինայում իրադարձությունների առաջին իսկ օրերից նախարարությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ ուղղորդել և օժանդակել ինչպես Ուկրաինայից և Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից Հայաստան իրենց բիզնեսը տեղափոխելու և այստեղ աշխատելու ցանկություն ունեցող գործարարներին։
Գերատեսչությունում հիշեցնում են նաև, որ բոլոր կազմակերպչական աշխատանքներն ուղղորդելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որի նախաձեռնությամբ գործում է թեժ գիծ։ Թեժ գծով ստացված բոլոր հարցադրումները փոխանցվում են Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի և ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի (Enterprise Armenia) մասնագետներին, որոնք լիարժեք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում դիմումատուներին:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ գործում է նաև am.business հարթակը, որի միջոցով ընկերություններին և ձեռնարկատերերին տրամադրվում է անվճար խորհրդատվություն և աջակցություն։ Ներկայումս am.business –ի ներկայացուցիչը ծառայություններ է մատուցոմ նաև «Զվարթնոց» օդանավակայանում։
Էկոնոմիկայի նախարարությունում դժվարացան դիմումների հստակ թիվ նշել, պատճառաբանելով, որ գործընթացը շարունակական բնույթ է կրում։