ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երեկ Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ընտրություններին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ըստ նախնական տվյալների՝ քվեարկելու իրավունք ունեցող 37 015 քաղաքացիներից մասնակցել են 23 378-ը կամ 63,16%-ը։ ՔՊ-ն հավաքել է 13 139 ձայն, իսկ «Իմ հզոր համայնքը»՝ 9 694 ձայն։
Հավելենք, որ համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածուն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է, իսկ «Իմ հզոր համայնքինը»՝ Սպարտակ Թարթիկյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիում կայացել էին ՏԻՄ ընտրություններ, արդյունքում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար:
Դեկտեմբերի 16-ին Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին:
ՀՀ կառավարությունը հունվարի 4–ին որոշում կայացրեց Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին։