ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի որոշ թաղամասերում արդեն գազամատակարարումը վերականգնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Արցախգազ» ՓԲԸ ներտնային ցանցի բաժնի պետ Արթուր Իսրայելյանը։
«Այս պահին Արցախի ողջ տարածքում գազը դեռ չի մատակարարվում, միայն Ստեփանակերտի որոշ թաղամասերում` հերթով բացվում է։ Ներկայում չենք կարող ասել մյուս համայնքների, գյուղերի մասին, բայց երևի դեռ չի լինի, պետք է ապահովենք Ստեփանակերտը, հետո շրջանները»,– նշեց նա։
Հիշեցնենք` Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։