Արցախի Փառուխ գյուղը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ

Զորախմբի Telegram ալիքում համապատասխան լուսանկարներ են հրապարակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արցախի Փառուխ գյուղը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Տեղեկությունը հաղորդում է զորախմբի Telegram ալիքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը շփման գիծը հատել է Փառուխ գյուղի շրջանում, որով խախտել է եռակողմ հայտարարության 1-ին կետը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել լրացուցիչ ուժեր ներգրավել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու համար:
«Ներկայում բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը։