Միրզոյանը Փառուխում ստեղծված իրավիճակն է քննարկել Կոպիրկինի և համանախագահ Խովաևի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին (մարտի, 2022թ). Փարիզ. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, այսօր Արարատ Միրզոյանն ընդունել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին:
Կողմերը քննարկել են Արցախի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն ուղղված ադրբեջանական կողմի այլ գործողություններին։ «Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը»,–ասված է հայտարարության մեջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: