Կրակոցներ Արտաշատում. «Գազի Հովոն» հիվանդանոցում է` բազմաթիվ հրազենային վնասվածքներով

Իրավապահ մարմինները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Արտաշատի դրամատիկական թատրոնի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արարատի մարզի Արտաշատ քաղաքում մարտի 28-ին կրակոցներ են հնչել, վիրավորվել է Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 20։40-ի սահմաններում` «Արտաշատ» ԲԿ–ից։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոց են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ։ Քննիչները դեպքի վայրի զննություն են կատարել:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Կրակոցներ Երևան-Սևան ճանապարհին գործող հացատանը. 2 հոգու հիվանդանոց են տեղափոխել
Կայքը նշում է, որ ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ամբողջական տվյալները և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: