ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Հում կաթ» ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ուսումնասիրությունը։
Նշվում է, որ կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից։
«Շուկայում հում կաթի նկատմամբ առաջարկն անհավասարաչափ է բաշխված, այդ իսկ պատճառով տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են նաև կաթի փոշու արտադրություն և ներմուծում։ 2020 թվականի ընթացքում ՀՀ ներմուծվել է 6907 տոննա կաթի փոշի 48 տնտեսավարող սուբյեկտի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կաթնամթերքի արտադրության ոլորտը բավականին հագեցած է, ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 250 տնտեսավարող սուբյեկտ։
Կաթնամթերքի շրջանառության ոլորտը բարձր մրցակցային է, մասնավորապես կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում մրցակցում են մի քանի տասնյակից ավելի տնտեսավարող սուբյեկտներ։
Առավել բարձր է մրցակցությունը «Պանիր», «Ջերմամշակված կաթ» և «Մածուն» ապրանքային շուկաներում, որտեղ գործում են համապատասխանաբար 141, 23 և 52 տնտեսավարող սուբյեկտներ. մուտքի խոչընդոտներ չկան։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաթնամթերքի տեղական արտադրությունը բավարարում է պահանջարկի 90-99 տոկոսը։