Կառավարությունը մտադիր է բեռնափոխադրողների համար նոր՝ ճանապարհային վճար սահմանել

Նոր վարձատեսակը վերաբերելու է ոչ միայն ՀՀ մտնող օտարերկրյա բեռնատարներին, այլև Հայաստանում գրանված բեռնատար ավտոմեքենաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունում քննարկվում է ՀՀ տարածքով անցնող բեռնատարների նկատմամբ ճանապարհային վճար կիրառելու հարցը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հիմա 1 բեռնատարի մուտքը մեր երկիր 110, թե 116 հազար դրամ է։ Բայց հիմա քննարկվում է այդ վճարումն իրականացնել ոչ թե բեռնատարի մուտքով, այլ անցած ճանապարհի կիլոմետրերի հաշվարկով»,– ասաց Սանոսյանը։
Նա նաև նշեց, որ նոր վարձատեակը վերաբերելու է ոչ միայն ՀՀ մտնող օտարերկրյա բեռնատարներին, այլև Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաներին։
Սանոսյանը նաև հայտնեց, որ ըստ շրջանառվող նախագծի` բեռնատարների համար սահմանվող նոր վարձատեսակը 1 կմ–ի դիմաց կկազմի միջինը շուրջ 40-50 դրամ` կախված ավտոմեքենայի ծանրությունից ու ծանրաբեռնվածությունից։
Հիշեցնենք` ճանապարհային այս վարձատեսակն այժմ գործում է Վրաստանում, ու այդ երկրի տարածքով անցնող հայկական բեռատարները ստիպված են վճարել իրենց բեռնվածությանը համապատասխանող գումար` Վրաստանի ճանապարհների նորոգման ու շինարարության համար։