ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ձնահյուսի հետևանքով փակված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Նշվում է, որ ձնահյուսի պատճառով փակված Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի134-րդ կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքները շարունակվում են։
Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են ինչպես տարածաշրջանի ճանապարհները սպասարկող, այնպես էլ այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցներ։
Իրականացվող աշխատանքներին տեղում հետևում է Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Հիշեցնենք` ըստ նախնական տվյալների՝ ձնահյուսի հետևանքով մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ է փակվել: