ՀՀ–ում այս պահին COVID-ի պատճառով ծանր վիճակում գտնվողներից ոչ մեկը պատվաստված չէ

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվածների մեջ գերակշռում են 35-64 տարեկանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով հոսպիտալացվածների 86.6 %–ը պատվաստված չեն։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մարտի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 114 184 պատվատում, որից 1 110 158-ը` առաջին դեղաչափով։
Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նոր տվյալներ
Համաձայն գերատեսչության տվյալների` COVID-19 դրական թեստ ունեցողների 91.8 %-ը պատվաստված չէ։ Ծանր վիճակում գտնվողներից պատվաստված չէ ոչ մեկը։
Առողջապահության նախարարությունը նաև ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը. առաջին դեղաչափը ստացել է կանանց 41.9, տղամարդկանց` 57 %–ը։ Երկրորդ դեղաչափով պատվաստվել է կանանց 36.2, տղամարդկանց` 50.8 %–ը։
Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեղաչափ ստացած ամենաշատ պատվաստվածները 35-64 տարեկաններն են, շատ են պատվաստվել նաև 18-34 տարեկանները, այնուհետև 65+ տարիքի անձինք են, իսկ 12-17 տարեկան պատվաստվածները բավական քիչ տոկոս են կազմում։
Հիշեցնենք, որ վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10-ով, մահվան դեպք չի արձանագրվել։