ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։
Կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և նրանց կարողությունների ավելացման առումով: ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատերազմի արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև անհետացման հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորությունները։
«Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 2020 թ․ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, մասնավորապես՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը»,–ասված է հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Արցախի Հանրապետության Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։
Կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ է ընդունել Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: