ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանի Վարդանանց փողոցում գտվնող խորտկարանում տեղի է ունեցել դանակահարություն, որի արդյունքում տուժել է 62-ամյա տղամարդ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 21։28-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Վարդանանց փողոցից, «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ։
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքը ստացել է խորտկարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է վերջինիս պարանոցի հատվածին և դիմել փախուստի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող դանակի նմանվող սուր կտրող-ծակող առարկա՝ արնանման հետքերով, այլ կարևոր իրեր և առարկաներ, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է լուսանկարով անձի ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն:
Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: