Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ–ն` Ուկրաինայի դեմ կիրառելու համար ՌԴ–ին ՍՈւ–30 ինքնաթիռ տալու մասին

Ադրբեջանական հեռուսաընկերություններից մեկը հայտնել է, իբր, Հայաստանը հիմնական ուղղություններից մեկն է, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերության այն հրապարակումը, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հեռուստաընկերությունը հղում է կատարել Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների։
«Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները»,– ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ իրականությանը չի համապատասխանում նաև այդ հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 33–րդ օրը։