ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արվել է ամեն բան` հնարավորինս սեղմ ժամկետներում առավելագույն թվով լիարժեք գենետիկական բնութագրեր ունենալու համար։
Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ինքնությունը պարզելու համար փորձանմուշների ԴՆԹ նույնականացումն իրականացնելու հարցին, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այդ ամբողջ ընթացքում մենք եղել ենք բաց և հաշվետվողական»,- ասել է Ավանեսյանը:
Քեթրին Բոմբերգերն իր հերթին բարձր է գնահատել հանձնաժողովի գենետիկ փորձագետների և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» փորձագետների արդյունավետ գործակցությունը` շեշտելով, որ Հայաստանն ամբողջությամբ պահպանել է Գենետիկական փորձաքննությունների անցկացման ընթացակարգի` միջազգայնորեն ընդունված գործելակարգերը:
Քեթրին Բոմբերգերը նշել է, որ Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը կշարունակի աջակցություն տրամադրել Հայաստանին պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում` սերտ համագործակցելով հայաստանյան գործընկեր կազմակերպության հետ։
Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ICMP քաղաքականության և համագործակցության գծով տնօրեն Անդրեաս Քլայզերը, ինչպես նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: