ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է արցախցիներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Թովմասյանն իր ուղերձում նշել է, որ Արցախին վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Անվտանգության խորհրդում։
«Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։ Եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից»,–ասել է նա։
Թովմասյանի խոսքով` Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, և ոչ միայն ուժային, այլև դիվանագիտությամբ պետք է աշխատեն բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր և այլ կառույցներ)։ Նա նշում է, որ հեշտ է մեղքը բարդել մեկ անձի վրա և նրան դարձնել քավության նոխազ` չհստակեցնելով, թե ում նկատի ունի։
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա Արցախի ԱԺ նախագահը հիշեցրել է, որ նրանց առաքելությունը բարի կամքի դրսևորում է պատերազմող կողմերի միջև՝ զերծ պահելու նոր պատերազմների ծագումից։
Թովմասյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ Արցախի ԱԽ վերջին նիստերը և Արցախի նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի վերջին հանդիպումը հույս են ներշնչում, որ ճիշտ ուղու վրա են։
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ երեկ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է կայացել։ Նախագահը սադրիչ և պառակտող է որակել հանրային և քաղաքական որոշ շրջանակների կողմից տարածվող այն հայտարարությունները, թե իբր ադրբեջանական կողմի` վերջին օրերին ծավալած ագրեսիան Արցախի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է։ Հարությունյանի խոսքով` ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կարող լինել, այլև ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի կամ ընդլայնված կազմի հետ քննարկելու։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: