ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ՀՀ–ում անշարժ գույք են ձեռք բերել, մինչ այդ ճամփորդական անձնագիր են ստացել։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կադաստրի կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 83 անշարժ գույք են ձեռք բերել։
«ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիները։ Ադրբեջանի քաղաքացիներին գույք ձեռք բերելու համար պետք է ճամփորդական անձնագրեր։ Այսինքն` այդ անձը մեզ մոտ ստանում է ճամփորդական անձնագիր, որը ստանալու դեպքում նշանակում է` ամեն ինչ տեղը տեղին է»,–ասաց Թովմասյանը` հավելելով, որ դա էլ անձնագրի մի տարատեսակ է։
Հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում է նկատվել գույք ձեռք բերելու ակտիվություն Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից, Թովմասյանը պատասխանեց` չկա նման բան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին, ապա 2012-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք 2 բնակարան են գնել, մեկը` նվեր ստացել։ Դրանից հետո 2018-ին է բնակարանի առքուվաճառքի մեկ պայմանագիր կնքվել։ Իսկ, ահա, 2019-ին 2 պայմանագիր է կնքվել` 1-ը կրկին բնակարանի առքուվաճառքի առնչվող, մյուսը` հասարակական նշանակության գույք ձեռք բերելու։
Հավելենք, որ ճամփորդական անձնագիր է տրվում փախստականներին։